Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության ընդունումն ու իրականացումը լայն հնարավորություններ կբացի Իրանի զարգացման համար՝ «Ամերիկայի ձայնի» իրանական ծառայությանը բացառիկ հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին: Նա ընդգծել է, որ համաձայնագրի ձախողումը լուրջ խնդիրներ կարող է առաջացնել։ «Եթե մենք ընդունենք այդ համաձայնագիրը, մեզ համար հնարավորությունների նոր ճանապարհ կբացվի, իսկ եթե չընդունենք, կունենանք բազմաթիվ խնդիրներ, միգուցե՝ նույնիսկ հակամարտության հնարավորություն, ինչը, կարծում եմ, աղետալի կլինի: Հույս ունեմ, մեզ կհաջողվի մարդկանց համոզել և բացատրել, որ այս համաձայնությունն իրականում կանխում է հակամարտությունը, ապահովում է տարածաշրջանային անվտանգությունը և զերծ է պահում միջուկային զենքի տարածումից»,- ասել է Քերին: Ըստ պետքարտուղարի, վճռական խոսք ունեն ասելու Կոնգրեսն ու իրանական կողմը, որոնք պետք է հավանություն տան գործարքին, որից հետո այն ուժի մեջ կմտնի: Կոնգրեսը պետք է վերջնական որոշում կայացնի մինչև սեպտեմբերի 19-ը: Անդրադառնալով Իրանի ժողովրդի ուրախությանը համաձայնագրի կնքման կապակցությամբ՝ Ջոն Քերին նշել է, թե հույս ունի, որ ժողովրդի ձայնը լսելի կլինի ամերիկյան օրենսդիրների և իրանական հոգևորականների համար, որ պետք է հաստատեն գործարքը: «Եթե համաձայնագիրը հավանության արժանանա և լիարժեք իրականացվի, Իրանի ժողովրդի կենսամակարդակը զգալիորեն կբարձրանա, կսկսեն հանվել պատժամիջոցները, որոնք խանգարում էին գործարարությամբ և առևտրով զբաղվել, ներդրումներ կատարել։ Բազմաթիվ դրական զարգացումներ կարող են գրանցվել, եթե համաձայնագիրը լիարժեք ի կատար ածվի»,- ավելացրել է պետքարտուղարը: Քերին ընդգծել է՝ միջուկային ծրագրի դադարեցման վերաբերյալ համաձայնությունը չի նշանակում, որ Վաշինգտոնն աչք է փակելու Թեհրանի հետ այլ հակասությունների վրա։ «ԱՄՆ-ը երբեք չի դադարի հավատալ ժողովրդավարությանը և մարդու իրավունքները հարգելու կարևորությանը և միշտ կպայքարի դրանց համար»,- ասել է նա։